
Կիրակի, 4 յունւար 2026 թւականին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի Իսլ. Քաղխորհրդի խօսնակ՝ պրն. Ալիրեզա Նադալին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:
Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, տօնական օրերի առիթով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը, Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը, ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Հանրային կապի հոգեւոր խորհրդատու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ համայնքիս ազգայիններից՝ պրն. Դարւին Աւագեանը:
Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը Թեմակալ Առաջնորդի ողջոյնները եւ օրհնութիւնը փոխանցեց եւ շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան եւ շնորհաւորանքների համար մատնանշելով, որ նրանք ոչ թէ հիւրեր այլ ընտանիքի անդամներ են: Նա իր արտայայտութիւններում նշեց, որ Քրիստոս խորհրդանիշն է սիրոյ եւ խաղաղութեան, ինչը ցաւօք այս օրերին կը պակասի աշխարհում, սակայն գիտենք, որ բոլոր կրօնների գլխաւոր եւ ամենակարեւոր նպատակն է իրենց հաւատացեալների եւ հետեւորդների սրտերում սիրոյ եւ խաղաղութեան սերմեր սերմանելով, ստեղծեն փոխադարձ սիրոյ հիմքի վրայ խաղաղ ու բարեկեցիկ համայնք։ Նա իր խօսքը շարունակելով անդրադարձաւ իրանահայ համայնքի Իրանում ունեցած դարաւոր անցեալին եւ հայ ու իրանցի ժողովուրդների բարեկամութեան խոր արմատներին եւ առկայ սերտ յարաբերութիւններին: Հայր Սուրբը նշեց, որ մեր բոլոր կառոյցները՝ եկեղեցիներն ու դպրոցները, բոլորը վկաներն են, որ հայ ժողովուրդն այստեղ դարաւոր ապրել է իր իրանցի եղբայրների հետ, ուստի դրանց հանդէպ ուշադրութիւնն առիթ է յարաբերութիւնների առաւել սերտացման: Նա նշեց, որ այս իրականութեան ամենամեծ վկան է «Սուրբ Մարիամ» մետրոկայանը: Հայր Սուրբն իր արտայայտութիւնների աւարտին մաղթեց, որ գալիք տարին լինի խաղաղութեան, նոր նւաճումների, եղբայրութեան եւ սիրոյ առաւելագոյն ծաղկումի տարի։
Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանն իր հերթին ողջունելով, շնորհակալական խօսքեր յայտնեց այցի կապակցութեամբ: Նա նշեց, որ տօնական օրերի առիթով այցելութիւնները գալիս են եւս ապացուցելու Իրանում միաստւածային կրօնների խաղաղ եւ համերաշխ համակեցութեան մասին: Խորհրդարանի Պատգամաւորն իր արտայայտութիւններում երախտագիտութեամբ անդրադարձաւ՝ Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիրեզա Զաքանիի կողմից հայ համայնքի հանդէպ ցուցաբերւած ուշադրութեանը նաեւ Թեհրանում իրականացւած քաղաքային բարեկարգման դրական աշխատանքներին: Նա գնահատանքի խօսքեր ուղղեց ընդհանուր Թեհրանի քաղաքապետարանի եւ բոլոր շրջանների գործունէութեան եւ համագործակցութեան համար, մասնաւորելով այն շրջանները, որոնց սահմաններում են գտնւում թեմիս դպրոցները, եկեղեցիները եւ հայոց զոյգ գերեզմանատները, որոնց հետ աւելի սերտ են յարաբերութիւնները եւ փոխհամագործակցութիւնները: Պրն. Շահվերդեանը ընդհանուր բացատրութեամբ անդրադարձ ունեցաւ հայահոծ տարբեր քաղաքամասերում իրականացւած աշխատանքներին եւ յատկապէս՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 12-րդ շրջանների նաեւ 14-րդ եւ 15-րդ շրջանների քաղաքապետարանների կողմից ցուցաբերւած աջակցութեանը՝ դպրոցներում եւ եկեղեցիներում նաեւ Հայոց զոյգ գերեզմանատներում իրականացւած շինարարական եւ բարեկարգման ու բարեզարդման աշխատանքների ուղղութեամբ:
Թեհրանի Իսլ. Քաղխորհրդի խօսնակ՝ պրն. Ալիրեզա Նադալին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօնական օրերի առիթով շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ յայտնելով, շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար: Նա իր հերթին գնահատեց կրօնական փոքրամասութիւնների եւ ի մասնաւորի հայ համայնքի երկրում կատարած ներդրումները եւ պատրաստակամութիւն յայտնեց հնարաւոր սահմաններում աջակցութիւն ցուցաբերել խնդիրների լուծման կապակցութեամբ:
Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը նաեւ իր հերթին շնորհակալութիւն յայտնելով, կարեւորեց տարբեր շրջանների քաղաքապետարանների հետ երկկողմ յարաբերութիւնների ամրապնդումն ու առաւել ընդլայնումը:
Հանդիպման աւարտին, յարգոյ հիւրին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն լեզւով հրատարակւած գիրքը եւ «ارمنیان ایران و نام آوران ارمنی» եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը, ապա այցելութիւն կատարւեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ խօսւեց եկեղեցու ներքին պատերի ներկարարութեան աշխատանքի մասին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ