
Երեքշաբթի, 9 դեկտեմբեր 2025 թւականին Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարի՝ խորհրդարանական, իրաւական եւ նահանգային գործերի տեղակալ դկտր. Ջաւադ Վահէդին (معاون امور مجلس، حقوقی و استان های وزارت میراث فرهنگی، گردشگری و صنایع دستی) եւ նրան ընկերակցող՝ Թեհրան եւ Մազանդարան նահանգների Մշակութային ժառանգութեան գերատեսուչներ՝ դկտր. Ալի Թոլուին եւ դկտր. Հոսէյն Իզադին:
Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննէսեանը, նոյն խորհրդի անդամ՝ պրն. Հարմիկ Աւետեանը եւ ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Սոյն հանդիպումը շարունակութիւնն էր Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար դկտր. Սէյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ թւականիս դեկտեմբերի 2-ին՝ Խորհրդարանի Պատգամաւորի եւ Թեմական խորհրդի ատենապետի ունեցած հանդիպման, հետեւաբար կողմերի միջեւ խորհրդակցութիւնների հիմնական թեման հայկական եկեղեցիների եւ պատմական յուշարձանների պահպանման ոլորտում անհրաժեշտ աշխատանքների եւ ծրագրերի համակարգումն ու իրականացումն էր, ինչպէս նաեւ փոխադարձ համագործակցութեան անհրաժեշտութիւնը:
Հանդիպումն ընթացաւ ջերմ ու մտերմիկ եւ խոստումնալից մթնոլորտում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ