
Շաբաթ՝ 2026թ. յունւարի 31-ին, Հայ Առաքելական Ս. եկեղեցին իր հոգեզմայլ եւ հոգեզւարթ շարականների ու աղօթքների միջոցով, նշեց եւ ոգեկոչեց Ս. Սարգիս Զօրավարի, նրա որդու՝ Մարտիրոսի եւ 14 զինւորների յիշատակը:
Այս առիթով, Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում՝ Նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը։
Հայ Սուրբն իր քարոզի սկզբին Ս. Սարգիս Զօրավարի, նրա որդու՝ Մարտիրոսի եւ 14 զինւորների յիշատակի տօնի խորհրդին անդրադառնալով նշեց, որ նրանք իրենց կեանքով, գործունէութեամբ եւ նահատակութեամբ հաւատացեալներիս համար դարձան հաւատքի խորհրդանիշ, կենդանի օրինակ եւ ներշնչման աղբիւր: Նրանք աւետարանական ճշմարտութիւններով լուսաւորեցին իրենց կեանքի ճանապարհը, չվախեցան հալածանքներից ու նեղութիւններից եւ նոյնիսկ իրենց արեամբ վկայեցին Քրիստոսի աստւածութեան մասին: Հայր Սուրբը յայտնեց.-«Ս. Սարգիսը բարեպաշտ եւ հաւատացեալ մի իշխան էր, ով իբրեւ զօրավար գործում էր Կապադովկիայում Մեծն Կոստանդիանոսի եւ նրա որդու օրօք: Սուրբը օգտւելով Կոստանդիանիոսի քրիստոնէական կրօնի հանդէպ ցուցաբերած ազնիւ վերաբերմունքից, քանդում էր հեթանոսական տաճարները եւ նրանց փոխարէն եկեղեցիներ էր կառուցում: Արագահաս սուրբը նաեւ իր ունեցւածքը սիրայօժար կերպով բաժանում էր աղքատներին եւ կարօտեալներին: Սակայն, երբ Յուլիանոս Ուրացող կայսրը գահ բարձրացաւ, նա սկսաւ սուրբին հալածել, որի պատճառով Ս. Սարգիսը նախ անցաւ Հայաստան, ապա՝ Պարսկաստան: Պարսկաստանում նա շատ զինւորների քրիստոնեայ դարձրեց, ինչի պատճառով Շապուհ թագաւորը նախ սպաննեց նրա որդուն՝ Մարտիրոսին, ապա գլխատել տւաւ սուրբին: Աւանդութիւնը պատմում է, թէ երբ դահիճը կտրեց սուրբի գլուխը, նրա գլխի վրայ լոյս ծագեց: Սա տեսնելով, պարսիկ 14 զինւորները, ովքեր արդէն իսկ գաղտնաբար քրիստոնեայ էին դարձել, աւելի հաստատւեցին իրենց հաւատքի մէջ: Նրանք վերցրին սուրբի մարմինը եւ պատւով թաղեցին: Երբ թագաւորը իմացաւ պատահածի մասին, հրամայեց նրանց էլ նահատակել»: Նա շարունակեց.-«Այսօր Ս. Սարգիսը իր տօնի առիթով, գալիս է մեզանից իւրաքանչիւրին ասելու.- «Աստծու հանդէպ զօրաւոր, անսասան եւ ամուր հաւատք ունեցէ՛ք: Հաւատացէ՛ք Աստծու ամենակարողութեանը, Տիրոջ ամենակալութեանը, Բարձրեալի ամենատեսութեանը, Արարչի ամենասրբութեանը եւ Քրիստոսի ամենազօրութեանը: Ձեր կեանքը ապրէ՛ք Տիրոջ հանդէպ տածւած անսահաման սիրով, անվերջ յոյսով եւ անշեղ վստահութեամբ: Ճիշդ է, որ այսօր դուք դժւար, նեղ եւ անորոշ օրեր էք ապրում, բայց եւ այնպէս, ոչ մի պահի չմոռանաք, թէ Աստծու անսուտ խոստումի համաձայն, դուք որ Նրա զաւակներն էք, ձեր կեանքում պիտի վայելէք Իր օգնութիւնը, հաւատարմութիւնը, միջամտութիւնը եւ առաջնորդութիւնը: Հետեւաբար, մի՛ վախեցէք, այլ հաւատացէ՛ք, մի՛ կասկածէք, այլ վստահեցէք, մի՛ յանձնւէք, այլ յուսացէք: Տիրոջ օրհնութեամբ եւ նախախնամութեամբ ամէն ինչ լաւ պիտի լինի»»:
Հայր Սուրբն իր քարոզի աւարտին, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, շնորհակալութիւն եւ գնահատանք յայտնեց եկեղեցու բարերարներին, Սարգսեան գերդաստանի արժանաւոր զաւակներին եւ եղբայրական շնորհակալութիւն յայտնեց եկեղեցու ներկայ հոգեւոր հովիւներին՝ Տէր Սահակին եւ Տէր Արիստակէսին եւ նրանց երէցկիներին, Ս. Խորանին սպասարկող նախկին թէ ներկայ սարկաւագներին, կիսասարկաւագներին եւ դպիրներին, անցեալի թէ ներկայի դպրաց երգեցիկ դասերին եւ եկեղեցական խորհուրդներին, որոնք իրենց հաւատքով, ծառայութեամբ ու սիրով միշտ պայծառ պահեցին ու տակաւին պահում են Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին:
Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարների ու յարակից հանգուցեալ բարեկամների համար:
Կրօնական արարողութեան աւարտին Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ընդունելութիւն ազգային առաջնորդարանի դահլիճում:
Ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ատենադպիր Հայրիկ Աղանեանը, քահանայ հայրերը, ազգ. մարմինների եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
https://www.tehranprelacy.krtakan.ir/9-content-hy/news-hy/4900-2026020208?print=1&tmpl=component#sigProIdda08fed17b